BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

ՈՒ՞մ համար էր Բաքուն Մոսկվայում «երկրորդ թարմության» լապշա եփում

ՈՒ՞մ համար էր Բաքուն Մոսկվայում «երկրորդ թարմության» լապշա եփում
14.11.2017 | 09:55

Ադրբեջանցի քաղաքագետ, «Ատլաս» վերլուծական կենտրոնի տնօրեն Էլհան Շահինօղլուն, հղում անելով «հավաստի աղբյուրներին»` տեղեկատվական արտահոսք է տվել, որ Սոչիում Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների հանդիպման նախօրեին Մոսկվան իբր պատրաստել է «3 պայման» Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման համար` Ադրբեջանի անդամակցություն ԵԱՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին, Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայում և Լեռնային Ղարաբաղի շրջակա 5 շրջանների ազատագրում: Միանգամից ակնհայտ էր, որ, մեղմ ասած, ոչպրոֆեսիոնալ աշխատանք է: Ինչու՞ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է Թուրքիայի նախագահի հետ քննարկի հարցեր, որ նախ և առաջ Ադրբեջանի ու Հայաստանի իրավասության տակ են: Առավել տրամաբանական կլիներ ենթադրել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է, ինչպես հնարավոր էին համարում որոշ հայ փորձագետներ, Սոչի տանում «կոնֆլիկտի կարգավորման թուրք-ադրբեջանական նախագիծ»: Համենայն դեպս` նախօրեին Էրդողանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո, հայտարարեց, որ Պուտինի հետ բանակցություններում ինքը «լուրջ նախաձեռնությամբ է հանդես գալու Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի լուծման համար» և «նման քայլերը ոչ միայն հայկական լոբբիի, այլև Արևմուտքի որոշ ուժերի անհանգստությունն են հարուցում»:

Բայց բաքվեցի քաղաքագետ Էլհան Շահինօղլուն չգիտես ինչու չի փորձում, հղում անելով ավանդական «հավաստի աղբյուրներին», պարզել «Էրդողանի նախաձեռնությունը»: Որ տեղեկությունը կասկածելի է, հասկացան և ադրբեջանցի քաղաքագետները: Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Իլհամ Ռախիմովը անմիջապես հարց տվեց` որտեղի՞ց է գործընկերը ստացել «հավաստի տեղեկությունը»` «որպես կանոն, այդ մակարդակով հանդիպումներից առաջ քննարկվելիք հարցերի շրջանակը շատ քչերին է հայտնի լինում»: Մոսկվայի իբր առաջադրած «3 պայմանները», Ռահիմովի կարծիքով` «շատ հեռու են իրականությունից»:

Միով բանիվ` խոսքը քաղաքական սադրանքի մասին է: Բայց ո՞վ է հեղինակը: Ոչպրոֆեսիոնալ տեղեկատվական արտահոսքերը, որպես կանոն, տարածվում են «վիրուսային» մեթոդով և ժանրի օրենքով` երկրորդ փուլում անցնում են տեղեկատվական պատերազմի մյուս մասնակիցներին: Բաքուն այդպիսի փորձ արեց` կազմակերպելով Minval. Az տեղեկատվական պորտալի հարցազրույցը ռուս քաղաքագետ Ալեքսանդր Դուգինի հետ: Բայց նա ասաց. «Ես Շահինօղլուի տեղեկության հաստատում չունեմ, թեպետ զբաղվում եմ այդ խնդրով: Մեր նախագահի բարձրամակարդակ հանդիպումների օրակարգը միշտ խիստ գաղտնի է պահվում: Ընդհանուր առմամբ` դրանք չափազանց արմատական պահանջներ են (Շահինօղլուի «3 պայմանները») Մոսկվայի կողմից: Մեր նախագահը պրագմատիկ է: Բայց որ մենք (մենք` ո՞վ) 5 շրջանների ազատագրման կողմ ենք, ակնհայտ է»: Դուգինը նաև ընդգծել է. «Թուրքիայի հետ սեպարատ բանակցություններ մենք չենք ունենա», իսկ նման արտահոսքերից հետո «կարող է թվալ, որ Ադրբեջանը ինքնիշխան սուբյեկտ չէ և Բաքվի թիկունքում Մոսկվան կարող է Անկարայի հետ պայմանավորվել»: Իրավիճակը տարօրինակ է, որովհետև մինչ այդ Բաքուն «շրջանառում էր», այսպես կոչված, «Լավրովի պլանը», որ իբր նախատեսում է որոշ շրջանների վերադարձ Ադրբեջանին: Դուգինը քանիցս հղում է արել այդ նախագծին, ինչպես և վերջերս Բաքու այցելած գրող ու հրապարակախոս Ալեքսանդր Պրոխանովը, չնայած Մոսկվան ամեն ինչ հերքում է ԱԳՆ-ի հայտարարությունների մակարդակով: Հետո արդեն շրջանների վերադարձը, բայց Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման դիմաց, սկսեցին վերագրել բացառապես Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Այդպիսով Բաքուն որերորդ անգամ տեղեկատվական-քաղաքական տարածքում փորձում է կառուցել անտրամաբանական դասավորություն, ինչպես գրում է Բաքվի պորտալներից մեկը «երկրորդ թարմության լապշա» ցուցադրելու սկզբունքով, որ հետո փորձում է վաճառել Ռուսաստանին: Իսկ իրականու՞մ: Վերջին ժամանակներս լուրջ ուշադրության արժանի բազում իրադարձություններ են եղել: Ժնևում կայացել է Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպումը, որի արդյունքները սկզբում որոշակի լավատեսություն էին ներշնչում, քանի որ կողմերը կարծես թե պայմանավորվել էին շփման գծում լարվածության թուլացման նոր միջոցների մասին: Դրանից հետո տեղեկություն տարածվեց, որ ԱԳ նախարարները ակտիվորեն նախապատրաստվում են երկրորդ նման հանդիպմանը, որ այս տարի պիտի լիներ: Սակայն օրերս ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տեղեկացրեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դեռ նոր միայն ծրագրում են մինչև տարեվերջ կազմակերպել Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը:

Այսինքն` Ալիև-Սարգսյան հանդիպումը տեղափոխվում է 2018, որ նշանակում է բանակցային գործընթացի ընթացքի դանդաղում, դրական ազդակի մակարդակի նվազում, որ ի հայտ էր եկել Ժնևի բանակցություններում: Դրան զուգահեռ` ձախողվում է բանակցային գործընթացում Թուրքիային ներգրավելու Բաքվի փորձը, իսկ տեղեկատվական անորոշության գոտին մեծանում է: Այդ պատճառով Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարները այս տարի ծրագրվող հանդիպմանը նորից «կբանակցեն հանուն բանակցությունների», կքննարկեն լուծումներ, որոնց վերաբերյալ կողմերն ունեն տարբեր ընկալումներ:
Նոյեմբերի 16-ին Մոսկվայում Էլմար Մամեդյարովը մտադիր է հանդիպել ԵԱՀՄ ՄԽ համանախագահներին: Գուցե հայկական կողմն էլ այդպիսի սցենարով գործի` ներառելով Մոսկվա-Բաքու, Մոսկվա-Երևան երկխոսությունը, որին կհետևեն սովորական հերթապահ հայտարարություններ: Եվրամիությունը ևս նորից հաստատեց Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը իր հակվածությունը և կոչ արեց սկսել 2016-ի Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի վեհաժողովների պայմանավորվածությունների կատարումը վստահության միջոցների վերաբերյալ` ներառելով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի լիազորությունների ընդլայնումը: Այսինքն` ամեն ինչ ինչպես միշտ:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. ՈՒ՞ր մնաց սեպարատ բանակցությունների չգնալու Մոսկվայի խոստումը, եթե գործարկվում է Բաքու-Մոսկվա, Մոսկվա-Երևան երկխոսության սխեման, որին հաջորդելու են «հերթապահ հայտարարություններ»: ՈՒ ընդհանրապես` շատ չե՞ն տարատեսակ դուգիններն ու պրոխանովները և նրանց նմանները իբրև հարցի «մասնագետ» ասպարեզ նետվում ու բարձրաձայնում տեսակետներ, որ միով բանիվ մասն են Բաքվի երազանքների, իսկ խոշոր հաշվով ջուր են պղտորում ու խանգարում բանակցային գործընթացին: Դա՞ է նրանց առաքելությունը: Եվ ո՞վ է վճարում: Միայն Բաքու՞ն, թե՞ նաև Մոսկվան է պատվիրատու այդ «ցնցող բացահայտումների»` «հավաստի աղբյուրներից»: Ժնևի ի՞նչ դրական ազդակի մասին կարող է խոսք լինել, երբ Բաքուն մեկ օր անց խախտեց հրադադարը ու նորից սկսեց կրակել: Էլմար Մամեդյարովն ու Էդվարդ Նալբանդյանը հենց այդ պատճառով են բանակցելու հանուն բանակցության, որովհետև Բաքուն հույսը դնում է սեպարատ բանակցությունների վրա ու խախտում է հրադադարը: Իսկ ԵԱՀԿ խորհրդի նիստը հատկապես կարևոր էր, որովհետև նոյեմբերի 9-ին հաստատվեց, որ Բաքուն չի հասնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխության` ոչ Թուրքիան է դառնալու ՄԽ համանախագահ, ոչ Մեծ Բրիտանիան է Ֆրանսիային փոխարինելու, և կանգնած է վստահության մեխանիզմների տեղակայման անհրաժեշտության առաջ, որին միացավ անգամ ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը: Իհարկե, բազում իրադարձություններից հեղինակի կամքն է` որն ընտրել, որը շրջանցել, որը աղավաղել, եթե նրա նպատակը ոչ թե իրականությանը համարժեք պատկեր ներկայացնելն է, այլ տեղեկատվական պատերազմի մաս դառնալը` հընթացս այդ պատերազմը դատափետելով: Իսկապես` ամեն ինչ` ինչպես միշտ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3176

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ